ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Տեղաբնի՞կ է, արդյոք, հայկական էթնոսը

Տեղաբնի՞կ է, արդյոք, հայկական էթնոսը
24.12.2013 | 02:11

Հասկանալի է, որ 14,5 հազարամյակ առաջ գետը Հրազդան անվանած լեզուն հայերենն է, իսկ այդ լեզուն կրողը` հայ ժողովուրդը: Հետպատերազմյան երկրաբանական ճշգրիտ տվյալների հիման վրա կառուցված այս փաստարկը հայերիս ծագումնաբանությունը տանում է անհիշելի ժամանակներ. բառ կա, որ աշխարհ արժե:
Կարճառոտ այս հոդվածում չի վիճարկվում, առավել ևս քննության չի առնվում հայկական էթնոսի տեղաբնիկ լինելու հարցը: Հոդվածում փաստարկվում է, որ հայկական էթնոսը դեռևս անհիշելի ժամանակներում տեղաբնիկ էր Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում, ապա և ողջ Հայկական լեռնաշխարհում: Արդեն իսկ վարկածային սույն դրվագների բացահայտման բանալին է Սևանա լճի երկրաբանական փոփոխության պարզաբանումը, ինչպես նաև Հրազդան գետանունը:
Ինչպես հայտնի է, Սևանա լիճն առաջացել է հրաբխային արտավիժումների և լավային պատվարի գոյացման հետևանքով: Նրան շրջափակող Արեգունի, Սևանի, Վարդենիսի, Գեղամա և Փամբակի լեռնաշղթաներն աստիճանաբար բարձրացել են և ստացել ժամանակակից պատկերը: Երկրաբաններն այս հնագույն լիճն ու նրանից սկիզբ առնող Հրազդան գետը պայմանականորեն անվանում են նաև Պալեոսևան և Պալեոհրազդան, քանզի, ըստ էության, հենց նրանց տարածքում են առաջացել «նոր լիճ» ու «նոր գետ»:
Մինչև Արարատյան դաշտավայր հասնելը Հրազդանը հոսել և հոսում է տեկտոնական ճեղքվածքով, տեղ-տեղ 100 և ավելի մետր խորության հասնող կիրճով:
Ինչպես նշվեց, Սևանա լիճը պարփակված է հինգ հոծ լեռնաշղթաներով, որոնց պարագծում և ողջ ջրավազանում երկրաբանական չորրորդական շրջանից ի վեր ամենացածր գոգավորությունը բաժին է ընկնում Փամբակի և Գեղամա լեռնաշղթաների միջանկյալ հատվածին: Վերջինս ծածկվել է հրաբխային նորագույն ժայթքումների ու լավային գոյացումների զանգվածային շերտով` մոտավորապես 14,5 հազարամյակ առաջ: Գոգավորության բարձրացման պատճառով, բնականաբար, բարձրացել է լճի մակարդակը, և նույն հատվածից սկիզբ առնող գետը վերստին հոսել է հին «պալեոհունով», քանի որ գոգավորությունը բարձրացումից հետո էլ մնացել է լճի ավազանի ամենացածր հատվածը:
Հենց այս ժամանակ սկսվում է այն իրողությունը, որից պետք է կառչի հայագիտությունը:
Ինչպես հայտնի է, գետն ունեցել է մի քանի անվանումներ, որոնցից առաջինն ու վերականգնված վերջինը Հրազդանն է:
Կարևոր ու խիստ հետաքրքրական է սույն ջրանվան ստուգաբանությունը, որի երեք բաղադրիչները պատմաերկրաբանական պատկերը ներկայացնում են ամբողջությամբ: Ստորև ներկայացվող այդ բաղադրիչները միանգամայն մեկնելի են ու հասկանալի հայերենով և հնդեվրոպական լեզուներով:
Եվ այսպես` Հրազդան…
Հուր - ըստ Աճառյանի, բնիկ հայերեն բառ է, որ ծագել է հնդեվրոպական նախալեզվի Պուրո-կրակ ձևից: Ցեղակից բառերն են հունարեն` Պիռ, լատիներեն` ՈՒռ, հին պարսկերեն` Հուռ, գերմաներեն` Ֆեուեր, հին ֆրանսերեն` Ֆեուր, քրդերեն` ՈՒր-կրակ նշանակությամբ, և բոլորն էլ, հայերենի հետ համեմատած, առավել ուշ շրջանի կազմություններ են:
Ազ (Ազն) - ազգ, սերունդ, ցեղ, ծագում նշանակությամբ, օրինակ՝ թագավորազն, արքայազն, իշխանազն, դյուցազն, երկազն, Հայկազն և հայկազն` հնդեվրոպական Զան-ծնել արմատից, որի ցեղակից բառերն են իրան. Զանա, հուն. Գենոս, լատ. Գենս, Գենուինոս - ծնունդ, ծագում նշանակությամբ, դրանից էլ վրաց. փոխառությամբ Ազնավուրի` Թամարա թագուհու արքունիքում ազնվական ծագումով հայ ազատանի կամ ազնվական նշանակությամբ:
Դան - ըստ գերմանացի նշանավոր լեզվաբան Մաքս Ֆասմերի, հնդեվրոպական նախալեզվում, վեդո կամ դոն-գետ, ջուր, որից էլ Դոն գետանունը, նույնի հունարենը` Տանայիս Հերոդոտոսի և Ստրաբոնի երկերում, զենդ Ավեստայի դանու-գետ, որից` Դանուբ, Դունայ գետանունները հնդեվրոպական լեզուներում, օսերենում` դոն, դան (վերջինը` հյուսիսային բարբառով) - գետ, սանսկրիտ. ՈՒդա-գետ և այլն:
Ստացվում է, որ Հրազդան` Հուր-ազ(ն)-դան հիդրոնիմը նշանակում է հրից, իմա` հրաբխից ծագած ջուր կամ գետ: Անվանումը միանգամայն համապատասխանում է երկրաֆիզիկական անցյալ իրադարձություններին: Նման անվանումը կարող էր տալ միայն այն ժողովուրդը, որն ականատես էր եղել 14,5 հազարամյակ առաջ տեղի ունեցած հրաբխի ժայթքումին, իսկ այնուհետև` այդ նույն փակուղուց գետի նոր ելքին:
Անշուշտ, երևույթն ունեցել է նաև աղետաբեր հետևանքներ, ինչի պատճառով այն դաջվել է տեղաբնիկ ժողովրդի հիշողության մեջ, ջրանվան միջոցով փոխանցվելով սերնդեսերունդ:
Հասկանալի է, որ 14,5 հազարամյակ առաջ գետը Հրազդան անվանած լեզուն հայերենն է, իսկ այդ լեզուն կրողը` հայ ժողովուրդը:
Հայ ժողովրդի տեղաբնիկության մասին վաղուց ի վեր որևէ կասկած գոյություն չունի, քանզի ապացուցված իրողություն է, սակայն հետպատերազմյան երկրաբանական ճշգրիտ տվյալների հիման վրա կառուցված սույն փաստարկը հայերիս ծագումնաբանությունը տանում է անհիշելի ժամանակներ:
Բառ կա, որ աշխարհ արժե:

Արթուր ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Դիտվել է՝ 13128

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ